11 մայիսի 2009 - 22:04 AMT
«Ամերիաբանկը» տրամադրելու է գյուղատնտեսական վարկեր
«Հազարամյակի մարտահրավերներ - Հայաստան» հիմնադրամ «Ամերիաբանկին» տրամադրել է գյուղատնտեսության ֆինանսավորման վարկեր, հաղորդում է բանկի մարկետինգի բաժինը:

Հիմնադրամը նպատակ ունի աջակցելու գյուղական տնտեսությունների զարգացմանը` գյուղատնտեսությանն ուղղակիորեն առնչվող ցանկացած գործունեություն ֆինանսավորելու եւ գյուղատնտեսության կարեւորագույն խնդիրների ուղղությամբ անհրաժեշտ գիտելիքներ տրամադրելու միջոցով:

Վարկերից կարող են օգտվել Հայաստանի բոլոր մարզերը, բացառությամբ Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի,որոնք ներգրավված են «Հազարամյակի մարտահրավերներ - Հայաստան» հիմնադրամի «Գյուղական ճանապարհների վերականգնում» ծրագրի մեջ:

Վարկերը տրամադրվում են 300 հազ. դրամից մինչեւ 10.5 մլն դրամի չափով, 2-7 տարի մարման ժամկետով, տարեկան մինչեւ 12% տոկոսադրույքով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: