18 մայիսի 2024 - 12:38 AMT
Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում մայիսի 17-ին Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին:

Նախարարները մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի, նախարարներն ընդգծել են մշակութային համագործակցության նպաստը:

2024-ի փետրվարին հայտարարվել էր, որ Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները։ Այդ մասին հայտնել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ առանձնազրույցից հետո հայտարարությամբ էր հանդես եկել և տեղեկացրել, որ ձեռք է բերվել համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը: Միրզոյանը նշել էր, որ թուրքական կողմը վերջերս ներկայացրել է իր տեսլականը, հայկական կողմը կարձագանքի և ըստ այդմ գործընթացը կշարունակվի։