Տավուշի մարզպետի աշխատակազմը հերքել է լուրերը, թե Կիրանցում մթերքի պակաս է առաջացել, քանի որ գյուղի մուտքը փակ է և մատակարար մեքենաները հետ են վերադառնում։
«Համացանցում տարածվող լուրերը, թե իբրև Կիրանցում հացի, մթերքի խնդիր կա, չեն համապատասխանում իրականությանը»,–ասվում է պարզաբանման մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կիրանցում 3 սյուն է տեղադրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված:
ԱԱԾ–ն հայտարարել է, որ սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են ՀՀ պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ, և ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից` Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։
Վարչապետի աշխատակազմից մայիսի 15-ին հայտնել էին, որ երկու երկրների սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:
Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։