Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել տնտեսագետ և քաղաքական ակտիվիստ Ղուբաղ Իբադօղլուին։
Նամակում նշվում է, որ Իբադօղլուն անարդար կալանքի տակ է արդեն 274 օր, ինչը հանգեցրել է նրա առողջական վիճակի վատթարացման, նշվում է նաև, որ նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում, գրում է Turan.az-ը։
Նշվում է, որ թեև ապրիլի 22–ին Իբադօղլուի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի, այնուամենայնիվ, նա խիստ սահմանափակումների տակ է։
«2023–ի հուլիսի 23–ից կալանքի տակ գտնվող Իբադօղլուի ազատազրկումը պատասխան է նրա հավատարմությանը կոռուպցիայի դեմ պայքարին և կառավարության անարդարաությունների հետ իր անհամաձայնությանը։ Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։
Amnesty International-ը նաև կոչ է արել հանել բոլոր քաղաքական ենթատեքստ ունեցող մեղադրանքները իրավապաշտպանների, ակտիվսիտների և լրագրողների դեմ։
Ապրիլի 25–ին Եվրախորհրդարանը Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել՝ քաղաքացիական հասարակության հետապնդումների համար։Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրոպական հանձնաժողովին կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ: