20 մայիսի 2024 - 19:23 AMT
Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե իշխանական պատգամավորները Կիրանցում որևէ անելիք չունեն։

«Այնտեղ անլիք ունեն համապատասխան ոլորտների ներկայացուցիչները և իրենց աշխատանքն ամենաբարձր մակարդակով իրականացնում են։ Հետևաբար իշխանական պատգամավորների այնտեղ լինելը խանգարելու է, կարիքը չկա այդտեղ լինելու»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել։

«Բնակիչների դժգոհությունը քաղաքական նպատակների համար են օգտագործում»,-ասել է նա։

ՔՊ պատգամավորը վստահեցրել է, որ իրենց օրակարգում բացառում են Բագրատ սրբազանի հետ հանդիպումը։

«Եթե որևէ մեկն ուզում է հանդիպել պատգամավորներին, կարող է քաղաքացիների ընդունելության օրը գրանցվել ու գալ հանդիպման»,-ասել է նա։

Այն դիտարկմանը, թե նաև Բագրատ սրբազանը, պատգամավորը դրական է պատասխանել։

«Այո՛, որևէ այլ օրակարգ չկա հանդիպման: Թող բոլորը հանգիստ լինեն, ՔՊ-ում նման քննարկում չկա և չի էլ կարող լինել, մեր օրակարգում դա բացառված է»,-ասաց նա։

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, պատասխանելով սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին հարցերին, նշել է, որ Տավուշում 25 հեկտար հողերը կվերադարձվեն Կիրանցին, և որ ճանապարհի տեղափոխման խնդիր կա։ Նշվել է նաև, որ սահմանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ։

Մինչդեռ կիրանցեցիները դժգոհ են պայմանավորվածությունից։ Նրանք տարակուսած են, թե ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմը որպես նպաստավոր լուր արձանագրել, թե Կիրանցին վերադարձվում է մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, այն դեպքում, որ այդ ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ։