12 մայիսի 2009 - 15:19 AMT
Հայ սուսերամարտիկները երկու բրոնզե մեդալ են նվաճել Քութաիսում կայացած մրցաշարում
Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Քութաիսում (Վրաստան) մայիսի 9-10-ին տեղի ունեցած միջազգային մրցաշարում երկու բրոնզե մեդալ է նվաճել: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը, այդ մրցաշարին հավաքականը մասնակցել է իր երկրորդ կազմով, քանի որ առաջին կազմը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա հուլիսի 13-19-ին Պլովդիվում (Բուլղարիա):

Հայաստանի հավաքականը մրցաշարում, մարզիչներ Անդրանիկ Արազյանի եւ Մարիետա Կարագյանի ղեկավարությամբ, ներկայացրել է 10 սուսերամարտիկ, այդ թվում երեք աղջիկ: Բրոնզե մրցանակի արժանացել են ճկասուսերով մրցող սուսերամարտիկներ Վարդան Գրիգորյանը եւ Հասմիկ Աղաբաբյանը:

Վերջնականապես հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար կկազմավորվի Հայաստանի առաջնության ավարտից հետո, որը տեղի կունենա մայիսի 14-16-ը Բյուրեղավանում: