«Վերջին զանգի» միջոցառումների կապակցությամբ ՆԳՆ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնելու։
Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ: Մարզերում՝ դպրոցներում ու հարակից տարածքներում, հասարակական կարգը կապահովեն պարեկային ծառայողները:
Ոստիկանության նպատակը հասարակական կարգի, քաղաքացիների անվտանգության ու օրվա տոնականության պահպանումն է լինելու:
Որևէ ներողամտություն չի ցուցաբերվելու օրինազանցության նկատմամբ: Հասարակական կարգի խախտումները կանխվելու են տեղում, օրինազանցների ավտոմեքենաները տեղափոխվելու են հատուկ պահպանվող տարածք, իրավախախտները ենթարկվելու են պատասխանատվության:
Ոստիկանությունը շրջանավարտներին կոչ է անում ձեռնպահ մնալ ավտոմեքենա վարելու արկածախնդրությունից, հասարակական վայրերում հարգալից լինել միմյանց ու հանրության հանդեպ, տոնական հրավառություն կազմակերպել միայն օրենքով սահմանված կարգով, կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները: