25 մայիսի 2024 - 16:34 AMT
Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունեն:

«Կասկած չկա, որ այս շարքը շարունակվելու է: Արդյո՞ք պատահական է, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին այն բանից հետո, երբ նշված համայնքների ղեկավարները մասնակցեցին Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը:

Ինչ վերաբերում է փաստական ու իրավական հիմքերին, ապա այդտեղ էլ լրջագույն հարցեր են ծագում: Փաստի առաջ կանգնեցնելով տվյալ համայնքների ղեկավարներին ու ավագանիներին՝ ՀՀ լիազոր մարմինները ստիպել են նրանց մասնավորեցնել համայնքապատկան մեքենաները, որպեսզի հնարավոր լինի պետական հաշվառում իրականացնել:

Սա հերթական օրինակն է, թե ինչ է լինում, երբ ՀՀ իշխանությունները անտեսում են Արցախի ժողովրդի իրավունքներն ու կարիքները և խուսափում են համակարգային լուծումներից»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ իրավապահները խուզարկության են իրականացրել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գիշերը ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու եղանակով 1,935,000 դրամ արժողության «Chevrolet lacetti-1.4» մակնիշի ավտոմեքենան յուրացնելու մեղադրանքով։ Մայիսի 23-ին խուզարկություն էր իրականացվել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո նա ձերբակալվել էր։ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։