27 մայիսի 2024 - 15:38 AMT
Բաքվի դատարանը չի բավարարել Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը

Բաքվի դատարանը չի բավարարել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ բողոքը։ Որոշումը հրապարակվել է Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատավարության ժամանակ, հայտնում է Haqqin.az-ը։

Ապրիլի 16-ին Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել էր 5 ամսով։ Բաքվի դատարանը բավարարել էր ներկայացված միջնորդությունը։

Վարդանյանի ընտանիքը կոչ է արել միջազգային հանրությանը չեղարկել COP29–ի անցկացումը Բաքվում, եթե Վարդանյանն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մյուս անդամներն ազատ չարձակվեն։

Վարդանյանն ապրիլին հացադուլ էր հայտարարել, որը տևեց երկու շաբաթից ավելի և որը նա դադարեցրեց հարազատների հորդորով։ Վարդանյանի թեկնածությունը ներկայացվել է Նոբելյան խաղաղության մրցանակի։

Ռուբեն Վարդանյանն ապօրինի ձերբակալվել է Հակկարիի կամրջի մոտ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել։