12 մայիսի 2009 - 23:17 AMT
Հովիկ Աբրահամյանը բարձրաստիճան իրանցի հյուրի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
Մայիսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Արսալան Ֆաթհիփուրին եւ խմբի անդամներին:
Զրույցի սկզբում պրն. Ֆաթհիփուրը Հայաստանի խորհրդարանի ղեկավարին է փոխանցել ԻԻՀ իր գործընկերոջ` պրն. Լարիջանիի ջերմ ողջույնները եւ վերջինիս անունից վերահաստատել ՀՀ ԱԺ նախագահին հղված Իրան պաշտոնական այց կատարելու հրավերը: Հովիկ Աբրահամյանն իր երախտագիտությունն է հայտնել այդ հրավերի համար, ապա կողմերն անդրադարձել են այցի կազմակերպման մանրամասներին: Այդ մասին նշվում է ՀՀ ԱԺ մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Հայաստանի եւ Իրանի խորհրդարանների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Երկուստեք համաձայնությամբ կողմերը քննարկել են օրենսդիրների կողմից հնարավոր ձեռնարկվելիք քայլերը համագործակցությունն ամրապնդելու նպատակով: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են առեւտրատնտեսական, տրանսպորտի, կապի, ինչպես նաեւ մի շարք այլ բնագավառներում առկա համագործակցության ծրագրերին: Նրանք նաեւ արծարծել են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերը:
Հանդիպմանը նաեւ մասնակցել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանը: