13 մայիսի 2009 - 13:39 AMT
Տիգրան Սարգսյան. Հայ-իտալական համագործակցության օրինակը կարող է վարակիչ լինել
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Լիտոկոլ» ԱՄ ԿՈ գործարանի պաշտոնական բացման արարողությանը: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Ընկերությունը հիմնադրվել է 2007թ. եւ զբաղվում է երեսպատման կերամիկական սալիկների փակցման համար նախատեսված սոսնձի եւ ծեփամածիկի արտադրությամբ: Հիմնադիր կապիտալի 60 տոկոսը ներդրել է հայկական, 40 տոկոսը` իտալական կողմը: Նորագույն սարքավորումներով հագեցած ձեռնարկությունն ունի 35-40 աշխատատեղ, ապագայում այդ թիվը կկրկնապատկվի:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, շնորհավորելով գործարանի սեփականատերերին, աշխատողներին եւ բոլոր ներկաներին, նշել է, որ ձեռնարկության հիմնումը վկայում է, որ նույնիսկ ճգնաժամի պայմաններում հնարավոր է զարգացնել բիզնեսը, ներդրումներ անել Հայաստանում, ուստի հայ-իտալական համագործակցության օրինակը կարող է վարակիչ լինել: Նա կառավարության անունից հավաստիացրել է, որ նման ձեռնարկումներին մշտապես կցուցաբերվի համակողմանի աջակցություն: