Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում գտնվող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն ու պաշտպանության բնագավառում Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցության հեռանկարներին, նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը։
Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի նախագահ Կլոդ Վիզլերի և խորհրդարանի՝ պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Պապիկյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:
ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։