13 մայիսի 2009 - 16:15 AMT
Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկը կկառուցի Worley Parsons միջազգային կոնսորցիումը
Worley Parsons միջազգային կոնսորցիումը շահել է Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի շինարարության ծրագրի իրականացման առնչությամբ փետրվարի 23-ին հայտարարված հայտամրցույթը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պետգնումների գործակալության մամլո ծառայությունը:

Ինչպես նախկինում հաղորդվել է, Worley Parsons-ը Հայաստանի կառավարությանը կօգնի կազմակերպել էներգաբլոկի շինարարության ողջ գործընթացը` սկսած նախագծի կազմումից, վերջացրած` տեխնիկայի մատակարարման պատվերներով:

Հայտամրցույթի երկրորդ մասնակցի` Scientech միջազգային կոնսորցիումի առաջարկությունը մերժվել էր երաշխիքների բացակայության եւ ողջ հայտամրցութային փաթեթի վերաբերյալ գնային առաջարկության ոչ լիարժեք ներկայացման պատճառով:

Worley Parsons Limited ընկերությունն աշխարհում խոշորագույն էներգաընկերություններից մեկն է: 2008 թվականին ընկերության շահույթը կազմել է 3.535 մլրդ ավստրալիական դոլար:

Հայաստանը ծրագրում է ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցել` մոտ 1000 ՄՎտ հզորությամբ, եւ Էներգետիկայի նախարարության տվյալներով, նախագիծը կարող է արժենալ մոտ 5 մլրդ դոլար: Նախագծի իրականացմանն օտարերկրյա կապիտալի ներգրավման նպատակով Հայաստանի խորհրդարանը 2006 թվականին օրենսդրորեն չեղյալ է հայտարարել նոր ատոմային բլոկերի սեփականության իրավունքի պետական մենաշնորհը: Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2011 թվականին: