ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը հուլիսի 8-ին կժամանի Հայաստան՝ հաստատելու Հայաստանի հետ ԱՄՆ խորացող գործընկերությունը, ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին և առաջ մղելու ՀՀ դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը:
Այցը կտևի մինչև հուլիսի 11-ը։ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար ոլորտի առաջնորդների, երիտասարդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ հանձնառությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու և նրա տնտեսական ներուժը ի շահ ամբողջ հայության օգտագործելու համար:
Նա նաև կհանդիպի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ՝ ուժեղացնելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի կառավարությանը հումանիտար, ներառյալ հոգե-սոցիալական և առավել երկարաժամկետ օգնություն տրամադրելու տեղահանվածներին՝ վերականգնելու իրենց կյանքը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը 33 մլն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանի ժողովրդին՝ նշելով, որ Վաշինգտոնը մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը։
Սամանթա Փաուերը Հայաստան էր այցելել նաև 2023–ի սեպտեմբերին։