Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ։ Այդ մասին ասել է Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը, հայտնում է «Ազատությունը»։
Ըստ նրա՝ պայմանավորվածությունը նախնական է և ձեռք է բերվել Ադրբեջանի խորհրդարանի ներկայիս նախագահ Սաբինա Գաֆարովայի հետ՝ նախորդ հանդիպման ժամանակ։ Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նշանակված և պարզ չէ՝ արդյոք Գաֆարովան կպահպանի պաշտոնը։
Սիմոնյան-Գաֆարովա վերջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսին Ժնևում։ Այս հանդիպումից մանրամասներ հայկական կողմը չէր հաղորդել։ Ադրբեջանական կողմը միայն նշել էր, որ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները քննարկել են Ազգային ժողովների ներդրումը խաղաղության գործընթացին։
Սիմոնյանի և Գաֆարովայի առաջին հանդիպումն այս տարվա մարտի 22-ին էր կրկին Ժնևում։ Կողմերը քննարկել էին Հայաստանի Ազգային ժողովի ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջև շփումներ սկսելու հարցը։ Հայկական կողմը կառուցողական էր որակել հանդիպումը։