ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ 2018–ից հետո ոստիկանապետ նշանակված Վալերի Օսիպյանը դավաճանել է ոստիկանական համակարգին:
«Պարոն Օսիպյանը ոնց դավաճանեց համակարգին, այնպես էլ դավաճանեց այն մարդուն, որն իրեն ոստիկանապետ նշանակեց ու գեներալի կոչում տվեց: Հիմա էլ փորձում է ընդդիմություն խաղալ, մարդկանց տեսակն է այդպիսին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գասպարյանը, գրում է Aysor.am-ը։
Նրա խոսքով՝ Օսիպյանը համակարգին դավաճանել է՝ սկսած «Սասնա ծռերից»:
Դիտարկմանը, թե Օսիպյանն այդ ժամանակ գերի ընկավ` Գասպարյանն ասել է, թե «վախկոտությունը գերության հետ ոչ մի կապ չունի»:
«Մարդ կա, որ այստեղից-այնտեղ է գնում, Օսիպյանը այդ տեսակի մարդ է: Հիմա ի՞նչ ունես ընդդիմության մեջ, գնում, կանգնում ես, ի՞նչ ես ուզում: Ինքը նիկոլական էր, զարմանալի է` Նիկոլին էլ դավաճանեց»,- հավելել է Գասպարյանը:
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խիստ անընդունելի է համարում իր նախկին ղեկավար Վլադիմիր Գասպարյանի մեղադրանքները՝ հորդորելով «ինչ–որ մեկին որակավորում տալուց իրենց նայել», հայտնում է Irakanum.am–ը։
«Ես մշտապես հարգել եմ Վլադիմիր Գասպարյանին և շնորհակալ եմ եղել իրեն, բայց ինձ համար խիստ անընդունելի է այն ամենն ինչ այսօր հնչել է նրա կողմից։ Ես չէի ուզենա խոսել, և առհասարակ Վլադիմիր Գասպարյանի ասածներին, կոպիտ ասած, բանի տեղ չէի դնում։ Անցած տարի էլ ինքը իր փաստաբանի միջոցով էր խոսել։ Ինչ վերաբերում է դավաճանությանը, ապա, պարոն Գասպարյա՛ն, ինքներդ ձեզ նայեք ու ձեր շրջապատին։ Ուղղակի լռել եմ այսքան ժամանակ, երբ իմ պաշտոնավարման ժամանակ անընդհատ խանգարել եք, հնարավոր բոլոր եղանակներով` ձեր ընկերներին էլ ասելով, թե իբր շուտով հետ եք վերադառնալու համակարգ»,– ասել է Օսպիյանը։
Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե Օսիպյանը դավաճանել է սկսած «Սասնա ծռերից», ապա վերջինս Գասպարյանին խորհուրդ է տվել տվեց թարմացնել հիշողությունը դիմելով ԱԱԾ–ին, որ գուցե տայդ օրերից որոշ ձայնագրություններ տրամադրեն։
Անդրադառնալով 2018–ի իրադարձություններին իր մասնակցությանը՝ Օսիպյանն ասել է, որ ինքն է դիմել Գասպարյանին` հորդորելով մի բան ձեռնարկել, սակայն ստացել է պատասխան, որ հանգիստ եղեք, ամեն ինչ «կոնտրոլի տակ» է։
«Սա դավաճանություն չէ՞։ Այսքանը կասեմ ու կշարունակեմ լռել, որ պարոն Գասպարյան, Դուք հանգիստ քնեք»,– եզրափակել է Օսիպյանը։
Օսիպյանը 2018–ին ՀՀ ոստիկանապետ է նշանակվել իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ 2019–ի սեպտեմբերին նա ազատվել է աշխատանքից և նույն օրը նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական։ Սակայն ընդամենը մի քանի օր անց, նա ազատվել է նաև խորհրդականի պաշտոնից, որից հետո նա բազմիցս մասնակցել է ընդդիմության հանրահավաքներին։