16 հուլիսի 2024 - 12:10 AMT
ՌԴ ընկերություններն Արցախում 24 նախագծի մասնակցելու հայտ են ներկայացրել Բաքվին

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը ՌԴ ընկերություններշից Արցախում 24 նախագծի մասնակցելու հայտ է ստացել։ Այդ մասին Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Սահիբ Ալեքպերովն ասել է Կովկասի ներդրումային ֆորումի շրջանակում անցկացված «Կովկասի մրցակցային առավելությունները Եվրասիայի գործընկերների հետ միջազգային համագործակցության զարգացման համար» կլոր սեղանի ժամանակ։

Նա ասել է, թե այնտեղ գործունեություն ծավալող ընկերություններին տրամադրվում են «շատ շահավետ արտոնություններ», գրում է ՏԱՍՍ–ը։

«Մենք ակտիվ մասնակցություն ենք ակնկալում ռուսական ընկերություններից, ինչը, անշուշտ, կնպաստի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գործընկերային կապերի հետագա ամրապնդմանը։ Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարարությունը ռուսական ընկերություններից հայտ է ստացել 24 նախագծերի համար՝ ազատագրված տարածքներում աշխատելու համար»,- ասել է Ալեքպերովը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։