Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավով ազատ կարձակվի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«2 տարի 7 ամիս անազատությունից հետո քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանի որոշմամբ նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավով»,– ասվում է գրառման մեջ։
Ասլանյանը կալանավորվել էր 2021-ի դեկտեմբերին՝ ՏԻՄ ընտրություններում իր առաջնորդած դաշինքի հաղթանակից հետո։ Նրա դաշինքը առավելագույն քվեներն էր ստացել մասնակից 5 քաղաքական ուժերից և մեծ էր հավանականությունը, որ համայնքը հենց ինքը կղեկավարեր։ Համայնքի ղեկավարի ընտրությունից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց՝ համայնքային հողերը ապօրինի վաճառելու մեղադրանքով։
2022 թ. մայիսի 13–ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արկադի Փելեշյանը: