Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ազատության մեջ է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։
Հիշեցնում եմ, որ իր մեկ այլ որոշմամբ վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նաև քաղաքապետի քսանօրյա կալանավորումը։
Լրացում. Փաստորեն 1 ամիս և 20 օր Դավիթ Սարգսյանն ապօրինի զրկված էր ազատությունից, որից 20 օրը՝ բանտային, իսկ 1 ամիսը՝ տնային կալանքի տակ»,–ասվում է գրառման մեջ։
Դավիթ Սարգսյանը մայիսի 27-ին 20 օրով կալանավորվել էր խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեղադրանքով։ Հունիսի 13-ին նրա նկատմամբ 2 ամսով տնային կալանք է կիրառվել։