17 հուլիսի 2024 - 17:48 AMT
Նախարար․ «Հայոց պատմություն» առարկայի ժամերը չի նախատեսվում կրճատել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով հնարավոր փոփոխությունների մասին հարցին, ասել է, որ «Հայոց պատմություն» առարկայի ժամաքանակի կրճատում չի նախատեսվում։

«Ժամերի կրճատում նախատեսված չէ։ Հասկանում եմ, որ նման խոսակցություններն անվերջ են, և մենք չենք հոգնի ասել, որ նման բան չկա»,- հայտարարել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում գիտելիքների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև դպրոցական առարկայական ծրագրերի և չափորոշիչների վերանայմանը։

Ինչ վերաբերում է 8-րդ և 10-րդ դասարանների առարկայական դասագրքերին, նախարարն ընդգծել է, որ մրցույթների արդյունքները հայտնի կդառնան առաջիկայում: Դրանց հաջող ավարտի դեպքում նոր դասագրքերը կհրատարակվեն մինչև սեպտեմբեր։

Նախարարը հիշեցրել է, որ 2023 թվականին «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը կազմվել էր պետական նոր չափորոշիչների հիման վրա։

«Հայոց պատմություն» առարկան այսուհետ կկոչվի «Հայաստանի պատմություն»։ Այդպիսի որոշում է ընդունվել կառավարության նիստում՝ առարկայի անվանումը կհամապատասխանեցվի հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետում արդեն իսկ առկա «Հայաստանի պատմություն» ձևակերպմանը: Հիմնավորման մեջ ասվում է, որ պատմության ուսուցանումը առաջին հերթին պիտի միտված լինի ժամանակակից Հայաստանի՝ Հայաստանի Հանրապետության դիրքից պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը։