Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է թվայնացնել մայրաքաղաքի հատակագիծը, որպեսզի սեպտեմբերին ընդունեն։
«Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Սեդոյանը հայտնել է, որ մայրաքաղաքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները ավարտված են, շրջակա միջավայրի նախարարությունում փորձաքննության են։ Նա ընդգծել է, որ օգոստոսի 8-ին հանրային լսում կլինի, ինչից հետո փաթեթը քաղաքաշինության կոմիտե կներկայացվի, հայտնում է Sputnik Արմենիան։
Ավինյանը հորդորել է աշխատանքներն այնպես պլանավորել, որպեսզի սեպտեմբերին Երևանի ավագանու առաջին նիստի ժամանակ հնարավոր լինի քննարկել և ընդունել գլխավոր հատակագիծը։
«Այս պահին մենք այս պրոցեսների հետ կապված խնդիրներ ունենք։ Մինչև Երևանի ավագանու նիստի օրակարգ մտնելը պետք է ՀՀ կառավարության կողմից հաստատվի։ Դրանից հետո մենք աշխատելու ենք գլխավոր հատակագծի թվայնացման վրա, ավելի կենտրոնանալու ենք GIS քարտեզներում տեղակայման ու ճանապարհային ցանցի աշխատանքների վրա»,– ասել է Ավինյանը։
Նա շեշտել է, որ գլխավոր հատակագծի վրա պետք է անընդհատ աշխատանքներ տանել։