Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է բացել սահմանը հարևան Հայաստանի հետ Բաքվի և Երևանի միջև կարգավորման դեպքում:
Նա նշել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում, գրում է ՏԱՍՍ–ը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվում է բանակցային գործընթացը: Անհրաժեշտ է մեր սցենարն ունենալ դրա դրական ավարտի դեպքում և այդ ուղղությամբ աշխատանք է տարվում։ Եթե կարգավորումն ավարտին հասցվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը՝ այսինքն կարող ենք բացել սահմանի մեր դրապասները»,–ասել է նա։
Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: