5 օգոստոսի 2024 - 16:49 AMT
Տիգրան Աբրահամյան. Ոչինչ չեն ասում, թե ինչ են բանակցում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իշխանության ներկայացուցիչները չեն ասում, թե ինչ են բանակցում, ինչի շուրջ, և ինչ է սպասվում մեր հանրությանն առաջիկայում։

Նա հավելել է, որ նրանց սկզբունքը 2018-ից նույնն է` ինչ ուզում ենք․ այն էլ բանակցում ենք։

«Այն դեմքերը, ովքեր «ջանասիրաբար համոզում էին հանրությանը, որ «դելիմիտացիայի» միջոցով Ադրբեջանի հետ սահմաններն են ճշգրտում, իսկ իրականում` Բաքվին միակողմանի զիջումներ անում, ամառային հանգիստն են վայելում»։

Նրանք համարում են, որ միանգամից երկու խնդիր են լուծել` բավարարել Ադրբեջանի հողային ախորժակը և այդ ամենը «պետական սահմանի» գեղեցիկ փաթեթավորմամբ վաճառել սեփական հասարակությանը:

Իսկ հիմա էլ ոչինչ չեն ասում, թե ինչ են բանակցում, ինչի շուրջ և ինչ է սպասվում մեր հանրությանն առաջիկայում:

Իհարկե չեն ասի, որովհետև իրենց սկզբունքը 2018-ից նույնն է ինչ էլ ուզում ենք այն էլ բանակցում ենք, իսկ թե ինչ հետևանք է ունենում սրանց թուլամորթ կեցվածքն ու անվերջ զիջումների պատրաստակամությունը, մեր քաղաքացիները լավ գիտեն կռիվ ու նահանջ»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում նոյեմբերին կայանալիք COP 29 կլիմայական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա նաև տեղեկացրել էր, որ նամակ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին։ Ավելի վաղ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր` Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը:

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։