22 օգոստոսի 2024 - 15:04 AMT
Բաքվում ՀՀ-ի հետ կապերի մեղադրանքով ընդդիմադիր քաղաքագետի են ձերբակալել

Օգոստոսի 21-ին Բաքվում ձերբակալվել է երիտասարդ քաղաքագետ Բահրուզ Սամեդովը, հայտնում է Factor.am-ը։ Նրա տատիկի՝ Զիբեյդա Օսմանովայի խոսքով, ժամը 16։00-ի սահմաններում Սամեդովը տանից դուրս է եկել՝ ընկերոջ հետ հանդիպելու։

«Կես ժամից 5-6 հոգի եկան մեր տուն՝ ներկայանալով որպես Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներ, ասելով, որ Բահրուզի դեմ բողոք կա, նա թմրանյութերի հետ է կապված։ Նրանք խուզարկեցին տունը և տարան Բահրուզի համակարգիչը, նրա անձնագիրը, արտասահմանյան համալսարանների երկու դիպլոմներ և անգլերեն գիրք, որում կար նաև Բահրուզի հոդվածը: Նրանք թմրանյութեր չհայտնաբերեցին»,- պատմել է կինը։

Ավելի ուշ Վաֆա անունով փաստաբանը զանգահարել է և ասել, որ Սամեդովը կասկածվում է «դավաճանության» մեջ, իբր, բացահայտվել է նրա նամակագրությունը հայերի հետ, և որ հոդվածներ է գրել Հայաստանի պատվերով։

Օսմանովան հերքել է այս մեղադրանքները։

«Բահրուզը զբաղվում էր գիտական հետազոտություններով։ Նա Չեխիայի Չարլզի համալսարանի դոկտորանտ է։ Մեկ ամիս առաջ է եկել արձակուրդի»,- ասել է կինը՝ հավելելով, որ թոռն այսօր պետք է հետ վերադառնար։

Սամեդովը հայտնի է արևմտյան լրատվամիջոցներում և վերլուծական պարբերականներում Ադրբեջանի իշխանությունների մասին քննադատական հոդվածներ և մեկնաբանություններ հրապարակելով։ Նա OC Media-ի և Bakuresearchinstitute.org-ի հեղինակն է, հայտնի է պացիֆիստական հայացքներով։