Երևանում համայնքային վճարովի ավտոկայանատեղերը, ըստ գոտիավորման, կլինեն տարբեր գույների․ փոքր կենտրոնի «Ա» գոտին կարմիր, մեծ կենտրոնի «Բ» գոտին կապույտ գույներով։
Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ծառայողական ավտոկայանատեղիները կառանձնացվեն սպիտակ գույնի գետնանշմամբ:
«Ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքի առանձնահատկություններից և նպատակահարմարությունից ելնելով՝ կարող է իրականացվել ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած ամբողջ տարածքի` սպիտակ ներկանյութով, այդ թվում՝ սպիտակ գույնի ասֆալտաբետոնյա կամ այլ ծածկույթներով սահմանազատում»,- նշված է կառավարման որոշման մեջ:
Ըստ հիմնավորման՝ այս գծանշումների միջոցով վարորդները կկարողանան գետնանշման գունային տարբերությամբ հեշտորեն միմյանցից տարբերակել ծառայողական ավտոկայանատեղերը, այլ վճարովի կայանատեղերը, այդ թվում՝ էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններից էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման հնարավորությամբ կազմակերպված վճարովի կայանատեղերը: Գործադիրի որոշմամբ՝ էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման համար վճարովի կայանատեղերի զբաղեցրած տարածքը կառանձնացվի կանաչ գույնի գետնանշմամբ: