2 սեպտեմբերի 2024 - 14:51 AMT
ՌԴ-ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է մոտ 24%-ով

2024-ի առաջին կիսամյակում դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերը նվազել են 6.1%-ով։ Այդ ցուցանիշը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2024 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ։

Նա նշել է, որ զբոսաշրջիկների թվի կրճատումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների թվի 23․6% կրճատմամբ, հայտնում է Sputnik Արմենիան։

Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք։

«Փոխարենը մենք ունենք զբոսաշրջիկների թվի աճ Հնդկաստանից, Վրաստանից և Իրանից։ Թեև մենք հիմա զիջում ենք 2023 թվականի ցուցանիշներին, սակայն դրանք զգալիորեն բարձր են 2019 թվականի ցուցանիշներից»,- ասել է Հովհաննիսյանը։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով 2024 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 237, 603 զբոսաշրջիկ 18,103–ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս տարվա հունվար–հուլիս ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):