ՀՀ կառավարությունը հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը ստորագրվել է օգոստոսի 30–ին։
Կառավարության որոշման նախագծի մեջ ասվում է.
Հավանություն տալ 2024–ի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանի կողմից Կանոնակարգում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով:
Սահմանադրական դատարանում Կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի վավերացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ընդգրկվել է Կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում։
Կանոնակարգով նախատեսվում է սահմանազատման աշխատանքների կազմակերպում և համապատասխան փաստաթղթերի ընդունում, պետական սահմանի անցման արձանագրություն-նկարագրության, համապատասխան մասշտաբի սահմանազատման քարտեզի կազմում, համապատասխան փորձագիտական խմբերի աշխատանք:
Կանոնակարգում նշվում է, որ հանձնաժողովները կհիմնվեն 1991 թվականի Ալմաթիի հառչակագրի վրա՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք (եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին):