7 սեպտեմբերի 2024 - 17:19 AMT
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում իրականացվող շինարարությունը Երևանի քաղաքապետարանի միջնորդությամբ ժամանակավորապես դադարեցվել է՝ մինչև գործի հետ կապված հանգամանքների հետագա պարզաբանումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից համապատասխան արձանագրությունն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ»,–ասվում է գրառման մեջ։

Գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցները դեռևս 2021-ից են պայքարում շինարարության դեմ, քանի որ այն վտանգում է Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող կենտրոնի տարածքը և գոյության հարցը: Նրանք նշում են, որ անթույլատրելի է քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող հաստատության տարածքում բնակելի շենքի կառուցումը::