15 մայիսի 2009 - 17:28 AMT
ՏՏ-ձեռնարկությունների միության նախաձեռնությունն աջակցություն չի ստացել ՀՀ կառավարությունում
ՀՀ ՏՏ-ձեռնարկությունների միությունը հանդես է եկել մաքսային ոլորտում օրենսդրական բարեփոխումների անցկացման նախաձեռնությամբ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՏՏ-ձեռնարկությունների միության իրավունքների պաշտպանության մենեջեր Աննա Կարապետյանը, առաջարկություններով փաթեթն ուղղվել է կառավարություն, իսկ հետո պետեկամուտների կոմիտե, որտեղից ստացվել է պատասխանի աշխատանքային տարբերակը, որտեղ նշվել են որոշ կետերի անհամապատասխանությունը մաքսային օրենսդրությանը, իսկ որոշ կետեր ընդհանրապես չեն քննարկվել:

Նախագծում առաջարկվում է ՏՏ ապրանքների մաքսազերծումը ըստ ուղեկցող փաստաթղթերի: Առաջարկվում էր ծառայություն ներդնել նաեւ նման փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակով: «Հայաստանում արդեն գործում է էլեկտրոնային ստորագրության մասին օրենքը, հետեւաբար, հնարավորություն կա օգտագործել փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն, ինչը կպարզեցներ ապրաքնի ներկրումը երկիր,-ասել է Աննա Կարապետյանը:-Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում, որպեսզի մաքսատան կայքում հրապարակվի հարկման եւ շուկայական գների մասին տեղեկատվությունը, որը պետք է նորացվի ամեն ամիս, քանի որ ՏՏ ապրանքների շուկայական գները մշտապես փոխվում են: Մեր առաջարկների նպատակն է գոնե նվազագուն բարեփոխումների հասնել մաքսային ոլորտում»:

«Մենք առաջարկում ենք նույն օրենքի դրույթների հենքի վրա օրենսդրական բարեփոխումների փաթեթ: Բարեփոխումները հենց բարեփոխելու համար են, ոչ թե առկա օրենքների կրկնելու համար»,-ընդգծել է Աննա Կարապետյանը: