15 մայիսի 2009 - 19:04 AMT
Նաիրիտի գլխավոր տնօրենի խոսքով, պայթյունի հասցրած վնասը մեծ չէ
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ ղեկավարության համար տեղի ունեցած պայթյունը անսպասելի էր, քանի որ վերջին մոնիթորինգի արդյունքները դրական էին: «Նաիրիտ գործարանի» զննման եւ մոնիտորինգի հետ կապված բոլոր աշխատանքները իրականացվել էին ինչպես ՀՀ օրենսդրության, այնպես էլ միջազգային նորմերի համաձայն եւ օրենքով սահմանված ժամկետներում»,- այսօր հայտնել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ ձեռնարկության գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը:

Նրա խոսքով, գործարանում ապահովագրության համակարգը դեռեւս չի գործում եւ ողջ վնասը հատուցվելու է գործարանի սեփական միջոցներից եւ բաժնետերերի մասնակցությամբ: Իսկ ինչ վերաբերում է պայթյունի արդյունքում զոհվածների ընտանիքների եւ հարազատների վնասի հատուցմանը, ապա, գլխավոր տնօրենի խոսքով, այդ վնասը հատուցում չունի: «Մենք ջանում ենք հնարավորինս օժանդակություն ցուցաբերել պայթյունից զոհվածների ընտանիքներին»,- ասել է նա:

Մելքոնյանն ավելացրել է, որ վնասված հատվածի դեմոնտաժը կսկսվի 4-5 օր անց, եւ միայն դրանից հետո կարելի է խոսել պայթյունի արդյունքում հասցված վնասի մասին, որը, գլխավոր տնօրենի գնահատամամբ, մեծ չէ: Նրա խոսքով, վերջին տարվա ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել գործարանի գործունեության անվտանգությունն ապահովելու համար: «Մենք բոլորովին չէինք պատրաստվում հրավիրել ձեզ (լրագրողներին) եւ նման տեսարան ներկայացնել»,- ասել է նա: