Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը, ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ։
Պատարագը կմատուցվի հայրենիքի խաղաղության և անսասանության, մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի, ինչպես նաև անհետ կորած, գերության մեջ գտնվող և զոհված զավակների ու նրանց ընտանիքների համար։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է բարեպաշտ ժողովրդին՝ իր աղոթական մասնակցությունը բերելու մատուցվելիք Սուրբ և Անմահ պատարագներին։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ:
Սրբազան արարողությանը մասնակից կարևոր մասունքներից են Հայ եկեղեցու հիմնադիր առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի մասունքները, որ հայ եկեղեցուն է նվիրաբերել Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապը 1994 թվականին:
Դուրս կբերվի Սրբոց նահատակաց մասունքարանը։ Սրբազան անոթը սրբագործվել է 2015 թվականին` սրբադասման արարողության նախօրեին։ Սկևռայի նշանավոր մասունքարանը նույնպես դուրս կբերվի սեպտեմբերի 28-ին:
Եռափեղկ պահարան մասնատուփը պատրաստվել է 13-րդ դարավերջին Կիլիկիայի վանքերից մեկում: