Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ժան-Նոել Բարոյին:
«Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները զարգանում են նոր բովանդակությամբ, և մենք շարժվում ենք ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ,» - ընդգծել է նախարար Միրզոյանը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակի. երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգ, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներ։
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով համագործակցության խորացմանը միտված համատեղ քայլերը։
Տարածաշրջանային համատեքստում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և դրա շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի, մարտահրավերների, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը միտված քայլերի շուրջ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ ի դեմս Ադրբեջանի ճնշումների և տարածքային խնդիրրների։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը աջակցել Հայաստանին՝ «ապահովելու խաղաղ բանակցությունների հաջողությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանումը»։