27 սեպտեմբերի 2024 - 14:38 AMT
ՆԳՆ․ 57-ամյա տղամարդը փորձել է առևանգել 2 անչափահասի՝ ձերբակալվել է

Ձերբակալվել է 57-ամյա տղամարդը, որը փորձել է առևանգել երկու անչափահասի, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Համացանցում տեղեկություններ են տարածվում՝ իբր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ինչ-որ մեկը դպրոցների մոտ երեխաներին նստեցնում է ավտոմեքենան և առևանգում։ Հրապարակումներում նաև նշվում է, թե բազմաթիվ ծնողներ այս հարցով ահազանգել են ոստիկանություն»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ահազանգ կամ հաղորդում ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում կամ Մալաթիայի բաժնում չի ստացվել։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։

Նախաձեռնված քրվարույթի շրջանակում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին: Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: