2 հոկտեմբերի 2024 - 18:11 AMT
Փաշինյան․ Խաղաղության պայմանագրի բովանդակությունը բացահայտված է՝ միջազգային դիվպրակտիկայից անհայտ որևէ բան չկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բովանդակությունը ժողովրդի համար բացահայտված է և որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա։

Նա այդպես է պատասխանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հարցին, թե ինչո՞ւ է իշխանությունը ժողովրդից գաղտնի պահում խաղաղության պայմանագրի փաստաթուղթը, հայտնում է Արմենպրեսը։

«Խաղաղության պայմանագրի նախագծի բովանդակությունը հանրության համար պարզ, հասկանալի և բացահայտված է, որովհետև այդ կետերին անդրադարձել եմ տարբեր առիթներով՝ ասուլիսներում, ելույթներում, հարցուպատասխաններում։ Գաղտնիքի խնդիր չկա, զուտ դիվանագիտական կոռեկտության հարց կա։ Չեմ կարող պահել այդ թուղթը և ասել, թե յուրաքանչյուր կետում ինչ է գրած։ Դա աշխատանքային փաստաթուղթ է։

Եթե երկրորդ կողմի հետ աշխատում ես, նշանակում է, որ առնվազն այդ թուղթը երկրորդ շահառու էլ ունի, և դա միակողմանի բացահայտելը կոռեկտ չէ։ Իսկ մնացած մասերով ամեն ինչ հրապարակել ենք։ Այս փաստաթղթում խոսք է գնում դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, խաղաղության պայմանագրի իրականացման ընթացքը մոնիթորինգի ենթարկող երկկողմ հանձնաժողովի ստեղծման մասին, փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և տարածքային պահանջներ չունենալու մասին և այլն և այսպես շարունակ։ Այսինքն՝ խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա»,- ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի ամբողջ բովանդակությունն առնվազն հայեցակարգային մակարդակով, որը ճշգրիտ արտահայտում է տեքստային մակարդակը, ժողովրդի համար բացահայտված է։

«Ես անընդհատ տարբեր մազեր եմ այցելում, անընդհատ տարբեր ձևաչափերով հանդիպումներ եմ ունենում, անընդհատ քննարկումներ եմ ունենում, և այդ քննարկումների առանցքային թեմաներից մեկը խաղաղության գործընթացն է»,-եզրափակել է Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը մեկ անգամ ևս կրկնել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը:

Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։