Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կընդունի ԱՊՀ պետությունների ղեկավարներին։ Նախքան ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի մեկնարկը Ռուսաստանի նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Երկու հանդիպումներն էլ նվիրված կլինեն նույն թեմային՝ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը՝ 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Փաշինյանի և Ալիևի հետ բանակցություններին կհաջորդի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որը կշարունակվի ընդլայնված կազմով։
Նախատեսվում է, որ հանդիպումների արդյունքներով մի շարք փաստաթղթեր կստորագրվեն։
ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առանձին հանդիպում նախատեսված չէ:
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացել էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Ըստ ԱԳՆ-ի հաղորդագրության՝ կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։