16 մայիսի 2009 - 19:03 AMT
Եվրատեսիլի կազմկոմիտեն տեղի տվեց Բաքվին` հեռացնելով հայկական հուշարձանը Հայաստանի մասին տեսաբացիկից
Ադրբեջանը, որը բաց չի թողնում հակահայկական քարոզչության եւ ոչ մի հնարավորություն եւ երբեմն այդ հարցում աբսուրդի է հասնում, տարբերվեց նաեւ «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթին: Այս անգամ ադրբեջանական կողմին դուր չեկավ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի պատկերումը տեսաբացիկում, որը նախորդում էր Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյանների ելույթին:

Բաքուն Եվրատեսիլ 2009 մրցույթի կազմկոմիտեից, Ռուսաստանի ԱԳՆ-ից եւ Առաջին ալիքից պաշտոնապես պահանջել է Հայաստանի տեսաբացիկից հեռացնել «Մենք ենք, մեր սարերը» հայկական հուշարձանի պատկերը` իրենց պահանջը հիմնավորելով նրանով, որ «հուշարձանը գտնվում է Լեռնային Ղարաբաղում, իսկ Լեռնային Ղարաբաղն իր հերթին Ադրբեջանի տարածքն է հանդիսանում»: Մրցույթի կազմակերպիչները կատարեցին այդ պահանջը եւ տեսաբացիկից հեռացրեցին հուշարձանի պատկերը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է յատուկ նախագծերի գծով Հայաստանի Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի խորհրդական Դիանա Մնացականյանը, այդ միջադեպի կապակցությամբ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի ԱԳՆ համապատասխան նամակ է հղել` կազմկոմիտեին կոչ անելով վերադարձնել հուշարձանը, որը հայ մշակութային ժառանգության օրինակն է եւ հայ քանդակագործ, Հայաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ Սարգիս Բաղադասարյանի աշխատանքը: