Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իրենք հավատում են, որ Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունն իսկապես ճանապարհ կհարթի տարածաշրջանում անշրջելի կայունության, բարգավաճման և զարգացման համար, հայտնում է Արմենպրեսն «Անադոլու» գործակալության վրա հղումով։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն այդ մասին ասել է՝ անդրադառնալով «3+3» ձևաչափով հանդիպմանը, որը կայանալու է հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։
«Հավատում ենք, որ Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունն իսկապես ճանապարհ կհարթի տարածաշրջանում անշրջելի կայունության, բարգավաճման և զարգացման համար»,- ասել է Ֆիդանը։
Նա ընդգծել է, որ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպման քննարկումները կենտրոնացած են լինելու ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի հարցերի, այլև ամբողջ կովկասյան տարածաշրջանի վրա։ Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ Անկարան գնահատում է «3+3» հարթակը և ընդգծել է, որ տարածաշրջանի երկրները պետք է միավորվեն՝ լուծելու իրենց խնդիրները։
Թուրքիայի պետական TRT Haber-ը լուր է հրապարակել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» հանդիպման վերաբերյալ՝ նշելով, որ հանդիպման ավարտին մասնակից երկրները համատեղ հայտարարություն են ընդունելու։
Հայտարարությունում տեղ գտնող դրույթների շարքում «շեշտվելու է տարածաշրջանի երկրների կողմից իրենց միջև եղած խնդիրների՝ երկխոսությամբ լուծելու կարևորությունը», «ընդգծվելու է, որ էական է ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված սկզբունքների հիման վրա տարածաշրջանում առկա քաղաքական տարաձայնությունների՝ խաղաղ ճանապարհով կարգավորումը, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության նկատմամբ հարգանքը, սահմանների անխախտելիությունը, ներքին գործերին չխառնվելը, ուժի կիրառման սպառնալիքի արգելումը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը»: