21 հոկտեմբերի 2024 - 17:48 AMT
Ամիրբեկով․ ՀՀ նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն ասել է, որ Բաքուն «ուզում է, որ խաղաղությունը լինի մշտական և անշրջելի», ինչը, նրա խոսքով, հնարավոր չի լինի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության։ Նա այդ մասին ասել է Berliner Zeitung-ին տված հարցազրույցում։

«Եթե Հայաստանում իշխանության գա նոր կառավարություն, կարող է գալ այն եզրակացության, որ խաղաղության պայմանագիրը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։ Քանի որ դրա իրավական ուժն ավելի բարձր է, քան պայմանագրինը, նոր կառավարությունը կարող է պայմանագիրն անվավեր ճանաչել», - ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։

Ամիրբեկովն անիրատեսական է համարել առանց բոլոր կետերի վերջնական համաձայնեցման պայմանագիրը կնքելու Հայաստանի առաջարկը։

Նա հավելել է, որ պաշտպանում են «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, սակայն այս հարցը չեն համարում խաղաղության պայմանագրի պարտադիր նախապայման՝ ի տարբերություն Սահմանադրության, որում «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ են տեսնում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։