22 հոկտեմբերի 2024 - 13:15 AMT
Սիմոնյան․ Բաքվի COP29-ին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չկա

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Բաքվում կայանալիք COP29-ին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չկա՝ պետք է քննարկել, հասկանալ, թե ինչ է դա տալու ՀՀ-ին և ինչ մակարդակով ենք մասնակցում։

«COP-29-ի հրավերը և դրան մասնակցելն Ադրբեջանի միջոցառումը և մենաշնորհը չէ, դա ՄԱԿ միջոցառումն է։ Կքննարկենք, կհասկանանք՝ պե՞տք է մեր պետությանը, պետք չի՝ չենք գնա»,-ասել է Սիմոնյանը, հայտնում է Aysor.am-ը։

Լրագրողի այն հարցին, թե Հայաստանը չի՞ փոշմանում, որ աջակցեց, որպեսզի COP-29-ը Բաքվում անցկացվի, Սիմոնյանը պատասխանել է, որ դրա դիմաց հայկական կողմի գերիների է ստացել։

«Չէ, ո՞նց, գերի ստացանք դրա դիմաց։ Մենք ոչ թե աջակցել ենք, այլ կարելի է ասել շատ վատ իրավիճակում, վատ տրամաբանության մեջ ստիպված ենք եղել դրան համաձայնել, որպեսզի 30-ից ավելի գերի վերադառնա Հայաստան»,–ասել է նա։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր նամակում նշել է, որ քանի որ ամբողջ աշխարհի ուշադրությունը գամված է Բաքվում կայանալիք COP29–ին, Ալիևը եզակի հնարավորություն ունի ցուցադրելու իր հավատարմությունը խաղաղությանը։