Ամենայն հայոց կաթողիկոսն Գարեգին Երկրորդը Բաքվի COP29-ի շրջանակում կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել։ Այդ մասին հայտնել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Հավաքը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 5-7-ը։ Նախատեսվում է նրանց այցը Ղարաբաղ։
Հավաքի մասին ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի Մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովը՝ նշելով, որ այն կազմակերպում է Կովկասի մահմեդականների գրասենյակը COP29-ի շրջանակում։
Ըստ նրա, միջոցառմանը կմասնակցի կրոնական մոտ 200 գործիչ։
COP29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։