Արցախի թեմի առաջնորդ եպիսկոպոս Վրթանես Աբրահամյանը նոյեմբերի 10-ին պատարագ կմատուցի Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում։ Պատարագի ավարտին կկատարվի աղոթք գերիների վերադարձի համար։
Պատարագի սկիզբ՝ ժամը 11։00-ին, հայտնում է Արցախի թեմը։
«Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին իրենց մասնակցությունը բերելու Սուրբ և Անմահ Պատարագին, ինչպես նաև միասնաբար աղոթելու գերյալ մեր հայրենակիցների վերադարձի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։