18 մայիսի 2009 - 20:23 AMT
Ռուսաստանը շարունակելու է օգնել ԱՊՀ պետություններին
Ռուսաստանը շարունակում է օգնություն ցուցաբերել ԱՊՀ երկրներին, որոնք ճգնաժամի պատճառով հայտնվել են հատկապես դժվարին իրադրության մեջ, երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք մտադիր ենք շարունակել օգնության կարիք ունեցող երկրներին աջակցելը, որոնք ճգնաժամի
շրջանում հատկապես դժվարին կացության մեջ են, ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը «Իտոգի» ամսագրին տված հարցազրույցում: -Միաժամանակ հիմնական ուշադրությունը հատկացնելու ենք մեր մերձավոր հարեւաններին` ԱՊՀ երկրներին»:

«Մենք արդեն զգալի միջոցներ ենք հատկացրել Բելոռուսին, Ղրղզստանին եւ Հայաստանին,- հիշեցրել է Լավրովը: -Նախատեսում ենք այդ նպատակների համար համագործակցել հատուկ ստեղծված Հակաճգնաժամային ԵվրԱզԷՍ հիմնադրամի հետ, որի ընդհանուր ծավալը 10 միլիարդ դոլար է, որից 7.5-ը` Ռուսաստանի ներդրումն է»:

«Ինչ վերաբերում է ճգնաժամի ազդեցությանը Ռուսաստան-Արեւմուտք-ԱՄՆ հարաբերություններին, ապա այն իսկապես կարող է նպաստել դրանց լավացմանը, ամենից առաջ օգնել ԱՄՆ-ին եւ Արեւմուտքին Ռուսաստանի հետ հարաբերությունները ավելի կառուցողական հունով տանել,- համոզված է նախարարը: -Այդպիսի համագործակցությունը ոչ միայն ընդհանուր դրական օրակարգ է ձեւավորում, այլ նաեւ օգնում է մշակել փոխադարձ վստահություն, փոխազդեցության եւ երկխոսության հմտություններ եւ մշակույթ»:


«Եւ այստեղ ոչ մի պարադոքս չկա, հակառակը, առողջ դատողությունը հուշում է, որ ճգնաժամի ժամանակ արհեստականորեն քաղաքականցված հարցերը երկրորդ պլան են մղվում եւ բոլոր կողմերը ճանաչում են ընդհանուր շահերի առկայություն, հատկապես, երբ խոսքը գնում է իսկապես հրատապ հարցերի մասին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: