31 հոկտեմբերի 2024 - 17:54 AMT
HRW-ն քննադատել է պարտադիր տեսանկարահանման մասին ՀՀ օրենքը

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է պարտադիր տեսանկարահանման մասին հայաստանյան օրենքը, որով փողոցներում ինչպես նաև պետական ու մասնավոր հաստատություններում տեղադրված տեսախցիկների թիվը պետք է կտրուկ ավելացվի և դրանց տվյալները պետք է հասանելի լինեն ոստիկանության համար։

2024 թվականի հունիսին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ հաստատված այս օրենքն, ըստ կազմակերպության, «անհիմն է և ոտնահարում է անձնական կյանքի և մի շարք այլ ազատությունները», հայտնում է «Ազատությունը»։

«Համատարած տեսահսկումն անխուսափելիորեն հանգեցնելու է մարդկանց անձնական կյանք անհիմն ներխուժմանը և չի կարող ժողովրդավարական երկրում հանրային անվտանգությունը բարելավելու համար անհրաժեշտ միջոց համարվել», - նշել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Գեորգի Գոգիան:

Ներքին գործերի նախարարարությունն առաջարկում է 50 քմ-ից մեծ սրճարանների, ռեստորանների, դեղատների, հյուրանոցների, առևտրի վայրերի, բենզա- և գազալցակայանների մուտքին ու շինության մյուս կողմերին տեղադրել տեսախցիկներ և դա պարտադիր դարձնել օրենքով։ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, մինչդեռ, բացասական եզրակացություն է տվել Կառավարության այս առաջարկին՝ ընդգծելով, որ այն թույլ կտա անձնական տվյալների անսահմանափակ ու անընդհատ մշակում:Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ։