18 մայիսի 2009 - 21:46 AMT
Հայաստանի նախագահ. Հայաստանն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ Շառլ Ազնավուրի կատարած ջանքերն անգին են
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է մեծանուն երգիչ, հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրին եւ նրա իմպրեսարիո Լեւոն Սայանին: Նախագահ Սարգսյանը ուրախությամբ ողջունել է մեծանուն հայորդու հերթական այցը եւ անգնահատելի համարել նրա ծառայություններն իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

Երկրի ղեկավարն ասել է, որ այսօր կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի նիստում ներկաները մեկ անգամ եւս վերահստատել են, որ Հայաստանը Սփյուռքով, իր հայտնի հայրենակիցներով մեկ երկիր է, առանց նրանց` բոլորովին այլ: Մեծանուն երգիչն ասել է, որ 21 տարվա ընդմիջումից հետո այսօր եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ խիստ տպավորված է: Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը եւ Շառլ Ազնավուրը խոսել են հայաստանյան կյանքի մասին:

Ի դեպ, Երեւանում կառուցվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը, որտեղ օրերս եղել է նախագահ Սերժ Սարգսյանը` տեղում կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Տուն-թանգարանի բացումը նախատեսվում է այս տարվա աշնանը: