5 նոյեմբերի 2024 - 15:28 AMT
ԵԽ մոտ 50 պատգամավոր կոչ է արել Բաքվին COP29-ից առաջ ազատել բոլոր հայ գերիներին

Բաքվում կայանալիք COP29-ին ընդառաջ Եվրախորհրդարանի բոլոր խմբակցություններից ավելի քան հինգ տասնյակ պատգամավոր հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ COP29-ը ոչ միայն կլիմայի վերաբերյալ ազդեցիկ և նշանակալի համաժողով է, այլև իր մեջ ներառում է հավատարմություն արդարության և մարդկային արժանապատվության սկզբունքներին:

Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր, հղում անելով 2021 թվականի մայիսից ի վեր ընդունված Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևերին և զեկույցներին, Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, հայտնում է Արմենպրեսը։

Եվրախորհրդարանականներն ադրբեջանական իշխանություններին կոչ են անում զերծ մնալ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը՝ այդ թվում վանքերը, խաչքարերը աղվանականացնելուց, պատմության վերաշարադրումից։ ԵԽ պատգամավորները կոչ են արել ապահովել հայկական մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը։

Հաշվի առնելով պաշտոնական Բաքվի ծավալապաշտական հայտարարությունները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության դեմ սպառնալիքներից և ցանկացած ագրեսիայից, ինչպես նաև դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից։

Պատգամավորները դիմում են նաև ԵՄ գործադիր մարմիններին՝ ԵՄ խորհրդին, Եվրոպական Հանձնաժողովին, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին և կոչ անում ականջալուր լինել Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևերին և գործել դրանց ոգուն համահունչ։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը վերջին ամիսներին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ էր տարել Եվրոպական խորհրդարանում։ Այս հայտարարությունն ու նմանատիպ այլ նախաձեռնությունները շարունակական աշխատանքի արդյունքն են։

Ավելի վաղ COP 29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։