6 նոյեմբերի 2024 - 14:43 AMT
Թրամփը հայտարարել է՝ վերջ է դնելու պատերազմներին․ Նա արդեն շնորհավորանքներ է ընդունում

ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է իր հաղթանակի մասին, թեև ձայների հաշվարկը դեռ շարունակվում է։

Նա արդեն առաջին շնորհավորանքներն է ստանում։ Նրան արդեն շնորհավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, հայտնում է BBC-ն։

Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության ընթացքում վերջ է դնելու բոլոր պատերազմներին։

«Ես մտադիր չեն պատերազմներ սկսել, ես մտադիր եմ դրանք դադարեցնել»,–ասել է նա։

Նա նաև «ոսկե դար» է խոստացել ԱՄՆ–ին և ասել է, որ անվտանգ և բարգավաճ կդարձնի Ամերիկան։

Թրամփը նաև հայտարարել է Սենատում հանրապետականների հաղթանակի մասին։ Կոնգրեսի աջակցությունը շատ մեծ նշանակություն ունի ԱՄՆ նախագահի համար, քանի որ Կոնգրեսն է ընդունում բյուջեն և հաստատում առանցքային պաշտոններում բոլոր նշանակումները։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հայտարարել էր, որ պաշտոնապես չի սատարում ԱՄՆ նախագահի որևէ թեկնածուի: Բայց հայ համայնքի ներկայացուցիչները նշում էին՝ հենց Թրամփի օրոք էր՝ 2020 թվականին, երբ բռնկվեց 44-օրյա պատերազմը։

Նախընտրական արշավի վերջում Թրամփն անդրադարձել էր նաև հայկական թեմային՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ և հեռախոսազրույց ունենալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ և աջակցություն հայտնել ղարաբաղցի փախստականներին։

«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների ու բռնի տեղահանման ենթարկվեցին Արցախում։ Երբ դառնամ [ԱՄՆ] նախագահ, կպաշտպանեմ հալածվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- գրել էր Թրամփը: