19 մայիսի 2009 - 13:31 AMT
ԱՊՀ երկրների փորձագետները բանակցություններ են վարել Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի նախագծով
ԱՊՀ Գործադիր կոմիտեի Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի նախագծով զբաղվող բաժանմունքում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից երկրների փորձագետների աշխատանքային խմբի առաջին նիստը:

Ինչպես հաղորդում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամլո ծառայությունը, աշխատանքին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Մոլդովայի, ՌԴ-ի, Ադրբեջանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները, ԱՊՀ Գործադիր կոմիտեի պատասխանատու աշխատակիցները: Չեն մասնակցել Ղազախստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչները:

Բոլոր մասնակից պետությունները նախապես իրենց դիտողություններն ու առաջարկներն են ներկայացրել Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի նախագծի վերաբերյալ:

Նիստի մասնակիցները որոշել են խնդրել ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը լրամշակել պայմանագրի նախագիծը, հաշվի առնելով տեղի ունեցած քննարկումն ու ներկայացնել այն մինչեւ 2009թ. հունիսի 15-ը ԱՊՀ Գործադիր կոմիտե` ԱՊՀ մասնակից պետություններին հղելու համար:

Բացի այդ, նիստի մասնակիցները խնդրել են ճշտել Ղազախստանի ու Ուզբեկստանի դիրքորոշումները պայմանագրի նախագծի համաձայնեցման աշխատանքներին մասնակցելու վերաբերյալ: Ընդունվել է նաեւ ուղերձ Թուրքմենստանի կառավարությանը` ԱՊՀ մասնակիցների փորձագիտական աշխատանքային խմբին միանալու խնդրանքով:

Աշխատանքային խմբի հերթական նիստը տեղի կունեա հուլիսին Մոսկվայում: