13 նոյեմբերի 2024 - 17:22 AMT
Միրզոյան․ Պայմանագրի շուրջ Բաքվի հետ հիմա ավելի կառուցողական մթնոլորտում ենք աշխատում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ սկսել են ավելի կառուցողական մթնոլորտում աշխատել:

Նա ասել է, որ 1-2 հոդվածի շուրջ աշխատանքները շարունակվում են ավելի ինտենսիվ, քան նախորդ շրջանում, հայտնում է Aysor.am-ը։

«Ես կասեի` նույնիսկ ավելի համագործակցաբար, ավելի կառուցողական մթնոլորտում»,- ասել է նա։

Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել` Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի վերջնական համաձայնեցված տեքստ ունենալուն:

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանն ու Հայաստանը կվերադառնան խաղաղության պայմանագրի քննարկմանը դեկտեմբերին: Ըստ Հաջիևի, փաստաթղթի տեքստի հետ կապված կան որոշակի հարցեր։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, բայց դա տեղի չունեցավ։ Ադրբեջանը մերժեց այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։