19 մայիսի 2009 - 14:29 AMT
Կորեացի գիտնականները հայտարարել են խոզի գրիպի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին
Հարավային Չխունչխոյի ազգային համալսարանի մի խումբ կորեացի գիտնականներ հաղորդել են աշխարհի 39 երկրում ավելի քան 8,5 հազար մարդ վարակած H1N1 գրիպի նոր շտամի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքներն ուրբաթ օրն հաջողությամբ ավարտելու մասին:

Միկրոկենսաբանների խոսքերով, նրանք հաջողության են հասել` կուլտիվացնելով ԱՄՆ-ի վերահսկման եւ հիվանդությունների կանխման կենտրոնների կողմից տրամադրված հարուցիչի «ստանդարտ» նմուշները: Աշխատանքը տեւել է 11 օր:

Պատվաստանյութը ստացել է CNUK-RG A/CA/4xPR/8 (H1N1) անվանումը: Ստացված դեղամիջոցն իր արդյունավետությունը ցույց է տվել in vitro, մարդու եւ կապիկի բջիջների նմուշներում:

Գիտնականներն ԱՀԿ -ին տեղեկացրել են, որ պատրաստ են դեղագործական ընկերություններին եւ ողջ աշխարի հետազոտողներին անվճար տեղեկատվություն տրամադրել իրենց պատվաստանյութի մասին, ինչպես նաեւ անվճար պատրաստ են տրամադրել վերջինիս նմուշները:

Գիտնականների խումբը խոստանում է պատվաստանյութի զանգվածային արտադրությունը սկսել սեպտեմբերին, այն բանից հետո, երբ կավարտվեն կլինիկական փորձարկումները: Նախատեսվում է, որ պատվաստանյութը թանկ չպետք է լինի: Հարավային Կորեայի բոլոր բնակիչների պատվաստումը կարժենա 60 մլն վոն (47 հազար դոլար): Հարավային Կորեայում արձանագրվել է խոզի գրիպի 3 հաստատված դեպք: Բոլոր հիվանդները ողջ են, հաղորդում է openbiz.com.ua-ն: