ԿԳՄՍ նախարարությունն, արձագանքելով Երվանդ Քոչարի որդու՝ Ռուբեն Քոչարի հայտարարությանը, հերքել է նրա կարծիքն այն մասին, որ Հայաստանի ազգային պատկերասրահում Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ցուցահանդեսում ներկայացվող «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ չէ:
«Ռուբեն Քոչարի հնչեցրած կարծիքն այն մասին, որ «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ չէ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Ռուբեն Քոչարը նման հայտարարություն էր արել նոյեմբերի 20-ի մամուլի ասուլիսում։
Նշվում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն օպերատիվ արձագանքել է հայտարարությանը և հանձնարարել «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, որպեսզի կազմակերպվի վերը նշված ստեղծագործության փորձաքննությունը և նույնականացումը:
«Հայտնում ենք, որ Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը (1936 թ., փայտ/յուղաներկ, 27*22 սմ), որը ներկայացված է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում կազմակերպված «Երվանդ Քոչար 125. hատելով ժամանակ և տարածություն» խորագրով հոբելյանական ցուցահանդեսում, բնօրինակ աշխատանք է: Այդ են վկայում թե՛ արվեստաբանական փորձաքննության տվյալները, թե՛ ներկաշերտի հաﬔմատական քիﬕական վերլուծությունը շտեմարանային տվյալների հետ, թե՛ աշխատանքի դիﬔրեսի և դարձերեսի նկարագրությունը (ներառյալ՝ փայտի եզրագծերի բնական մաշվածությունը), ներկաշերտի՝ ժամանակի ընթացքում կրած քիﬕական փոփոխությունը, աշխատանքի դարձերեսին առկա ֆրանսիական գեղանկարչական պիտույքների խանութի բնօրինակ պիտակը, և թե՛ նախորդիվ արված փորձագիտական հսկողությունը ԿԳՄՍՆ-ի կողﬕց: Աշխատանքը ամբողջ ցուցահանդեսային պատմության ընթացքում` ներառյալ վերոհիշյալ հոբելյանական ցուցահանդեսից առաջ, ենթարկվել է պետական վերահսկողության, և առկա են այդ մասին փաստող փորձագիտական եզրակացություններ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը ներկայացրել է աշխատանքի լուսանկարները՝ շրջանակից հանած վիճակում, ստորին եզրագծի հստակ մատնանշմամբ, Ռ. Քոչարի հիշատակած ﬔխերի պատկերներով, ինչը փոքր-ինչ դժվար տեսանելի է շրջանակով, աշխատանքի դարձերեսը՝ բնօրինակ ֆրանսիական պիտակով, ինչպես նաև ﬔկ լուսանկարչական ժապավեն՝ արված 1999 թ. Ե. Քոչարի 100-ամյա հոբելյանի առթիվ իրականացված աշխատանքների շրջանակում, որը, բացի արվեստաբանական և նյութաբանական փորձաքննությունից, աշխատանքի նույնականացման հավելյալ հնարավորություն է ընձեռում:
Հայտնի նկարիչ Երվանդ Քոչարի որդին՝ Ռուբեն Քոչարը քննչական կոմիտե հաղորդում է տվել, որ 1987թ. Քոչարի թանգարանին ի պահ է հանձնել իրեն պատկանող նկարներ, արձաններ և այլն, սակայն 2023թ. դեկտեմբերին, մշակութային արժեքների վերաբերյալ հետաքրքրվելու ժամանակ, տեղեկացել է, որ պետական սեփականություն հանդիսացող՝ Քոչարի ստեղծագործությունների մի մասը տարիների ընթացքում վաճառվել է։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Ռուբեն Քոչարի հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երվանդ Քոչարի թանգարանից հայտնեցին, որ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է։